Հետազոտություն
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2012-01-01 ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 

ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույցը առաջին փորձն է համալիր ձևով մեկնաբանելու ՀՀ անտառային օրենսգիրքը և անտառային օրենսդրության համակարգը ձևավորող այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները: Այն ներառում է նաև առաջարկություններ մեկնաբանվող դրույթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Ուղեցույցը նախատեսված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգում աշխատողների, շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների, անտառային տնտեսություն վարող սուբյեկտների և գործարարների համար: Այն կարող է օգտակար լինել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին, ուսանողներին և շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրվողներին: 

Այս ուղեցույցը պատրաստվել և հրատարակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Անտառային օրենսդրության կիրառման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում (ENPI-FLEG) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում որպես WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող Անտառային օրենսդրության ոլորտում հզորությունների ստեղծում` անտառային օրենսդրության վերաբերյալ ձեռնարկի մշակման, հրատարակման և ուսուցողական դասընթացների իրականացման միջոցով գործողության մաս: Ծրագրի և դրա իրականացման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.enpi-fleg.org կայքից:

Ուղեցույցը պատրաստել և տարածել է Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն ՀԿ-ը: Այն հեղինակել են Կենտրոնի ղեկավար Ա. Իսկոյանը, գիտաշխատողներ Հ. հախվերդյանը և Գ. Մովսիսյանը: 




 ՀՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ԴԱՍԱԳԻՐՔ)

Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը ներկայումս ավարտում է ՀՀ "էկոլոգիական իրավունք" դասագրքի մշակման աշխատանքները:
Դասագիրքը շարադրվել է հիմք ընդունելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրի 4-րդ կուրսի էկոլոգիական իրավունք առարկայի ծրագիրը: Դրանում ամփոփովել են` 
1. ՀՀ-ում էկոլոգիական իրավունքի ձևավորման, կայացման ընթացքը և զարգացման միտումները, 
2. Իրավունքի այս ճյուղի առանցքային ինստիտուտների իրավական կարգավորման շրջանակը, 
3.  ՀՀ էկոլոգիական օրենսդրության իրացմանը խոչընդոտող հիմնախնդիրները:

Դասագիրքը նախատեսվում է  հրատարակել գալիք տարվա սկզբին:       
   
      
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ԻՐԱՑՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ



  
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ 2009 թվականին իրականացրել է ՀՀ-ում մարդու էկոլոգիական իրավունքների իրացման վիճակի վերաբերյալ հետազոտություն: Այն ընդգրկում է մարդու ընթացակարգային էկոլոգիական իրավունքները` տեղեկատվության մատչելիություն, հասարակության մասնակցություն և արդարադատության մատչելիություն: Զուգահեռաբար քննարկվել է նաև օրենսդրության խախտման համար պատասխանատվության կիրառման հիմնախնդիրները:

Հետազոտության հիմնական արդյունքներն ամփոփվել են իրավունքների իրացման ոլորտում առկա ձեռքբերումների, ինչպես նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ բնույթի խոչընդոտների ընդհանրացմամբ: 

Այսպես, էկոլոգիական տեղեկատվության մատչելիության խոչընդոտները վերոգրյալ չափանիշներին համապատասխան դասակարգվել են օբյեկտիվի` ա) տեղեկատվության մատչելիության օրենսդրական կարգավորման բացերը,  բ) ինստիտուցիոնալ ներուժի անբավարար մակարդակը (օրինակ` տեխնիկական անբավարար ապահովվածություն)) և սուբյեկտիվի` օրինակ`  լիազոր մարմնի կողմից տեղեկատվության մատչելիության անհիմն սահմանափակումներ այն դեպքերում, երբ պետական մարմինը տիրապետում է էկոլոգիական տեղեկատվության: 
Հասարակության մասնակցության իրավական հիմնախնդիրները քննարկելիս առանձնակի քննարկման առարկա են դարձել արդյունավետ մասնակցության խոչընդոտները: Մասնավորապես վեր են հանվել հետևյալ խնդիրները. 1. հստակ տարանջատված չեն պետական կառավարման մարմինների և այլ սուբյեկտների պարտականությունները հանրային քննարկումների կազմակերպման գործընթացում 

2. Իրավական ակտերի դրույթների ուսումնասիրությունից հնարավոր չէ ամբողջական  պատկերացում կազմել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերի վերաբերյալ, ինչը անուղղակիորեն ազդում է  որոշման ընդունման վաղ փուլում հասարակության ներգրավվածության ապահովման վրա  

3. Բացակայում են նյութական օրենսդրությամբ պետական կառավարման մարմիններին վերապահված լիազորությունների չկատարման համար պատասխանատվության մեխանիզմները: 

Վարչական և քաղաքացիական դատավարության կարգով շրջակա միջավայրի հարցերի առնչությամբարդարադատության մատչելիության ապահովման վերլուծությամբ վեր են հանվել դատական պրակտիկայի անբավարար զարգացվածության, ինչպես նաև նյութական իրավունքների բնույթին պաշտպանության ընթացակարգերի համապատասխանության ապահովման խնդիրները:   

Ներկայացված հետազոտությունը  հրատարակված չէ, սակայն Էկո-իրավունքի կենտրոնը նախաձեռնել է լիովին նոր հետազոտություն, որը նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարվա ընթացքում:  

 



ՀՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ)

Սույն ժողովածուի հրատարակումը փորձ է  համակարգելու այն իրավական ակտերը, որոնք կոչված ենկարգավորելու հասարակություն և բնության փոխհարաբերման ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունները: Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության` շրջակա բնական միջավայրի պահպանության նորմատիվ իրավական ակտերը: ՀՀ էկոլոգիական օրենսդրությունը ժողովածուի մեջ դասակարգվել է` հիմք ընդունելով ինչպես ակտերի առարկայական պատկանելիությունը, այնպես էլ դրանց հիերարխիկ փոխհարաբերակցությունը: 
Ժողովածուն նախատեսված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգում աշխատողների համար: Այն օգտակար կլինի նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են շրջակա միջավայրի պահպանությամբ և դրա իրավական կարգավորմամբ ՀՀ-ում:

  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը շնորհակալությունն է հայտնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակին Ժողովածուի  երրորդ հրատարակության նախապատրաստմանը և հրատարակմանը աջակցելու համար: 
Ուրախ ենք տեղեկացնելու, որ էկոլոգիական օրենսդրության  էլեկտրոնային ավելի ընդարձակ և համակարգված տարբերակը մատչելի է մեր կայքում:   

 

 
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: