Հարցազրույց
Օրեգոնի Համալսարանի Իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ջոն Բոնայն 2012-05-14 Օրեգոնի Համալսարանի Իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ջոն Բոնայն

Հարգելի պարոն Բոնայն*,

Մենք ուրախ ենք ուղղելու Ձեզ մի քանի հարց, որոնք պատրաստել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի էլեկ-տրոնային պարբերականի համար առաջին հարցազրույցն անցկացնելու նպատակով:

Շնորհակալություն ենք հայտնում մեր խնդրանքին արձագանքելու համար: Հուսով ենք` զրույցը հաճելի կլինի:

1. Որպես իրավունքի մասնագետ` ինչպե՞ս համառոտ կգնահատեք շրջակա միջավայրի պահպանության ոլորտի իրավական կարգավորման արդյունավետությունը ԱՄՆ-ում և միջազգային մակարդակում` համեմատած օրենսդրության այլ ճյուղերի հետ:

Բնապահպանական խնդիրների իրավական կարգավորումը մեծ զարգացում է ապրել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Եվրոպական Միությունում: Միջազգային մակարդակում որոշ ասպեկտներ հատկապես զարգացած են (օրինակ` «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում): Այդուհանդերձ, առաջադեմ օրենսդրություն ունենալը դեռևս բավարար չէ: Շատ երկրներում թույլ են կառավարության դիրքերը, և բիզնես սեկտորի կողմից ճնշումները հակադրվում են շրջակա միջավայրի պահպանությանը: Անկախ, ոչ կառավարական իրավաբանական կազմակերպությունները, ինչպիսիք են «Շրջակա միջավայր-մարդիկ-իրավունք»-ը Ուկրաինայում, Արևմտյան Էկոլոգիական իրավունքի կենտրոնը Միացյալ Նահանգներում և «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնը» Հայաստանում էկոլոգիական կարգավորման համակարգի կենսական օղակներից են:

Պրոֆեսոր Ս.Կրավչենկոյի խոր հավատամքն էր, որ էկոլոգիական օրենսդրության իրացման գործում մեծ է քաղաքացիների դերը: Նրա ջանքերով Շրջակա միջավայրի իրավական պահպանության առաջին կենտրոնի հիմնադրումն Ուկրաինայում օրինակ դարձավ նմանատիպ ձեռնարկների համար Հայաստանում և այլուր: Այնուամենայնիվ, դժվար է միջոցներ գտնել այդպիսի ծրագրերը կյանքի կոչելու համար: Իմ կարծիքով, արտաքին ֆինանսավորողները, ինչպիսիք են ԵՄ-ն և դրա ինստիտուտերը կարող են ավելի լավ արդյունքներ արձանագրել`բոլոր ֆինանսական ռեսուրսները կառավարություններին ուղղելու փոխարեն աջակցելով ՇՄԻՊԿ-ի նման նախաձեռնություններին:

2. Միջազգային էկոլոգիական իրավունքի զարգացման միտումները հիմնականում արտահայտում են ժամանակակից հասարակության իրական պահանջները և այս իմաստով դինամիկ են: Կարծու՞մ եք արդյոք, որ բնական աղետները և դրանց հետևանքները(օրինակ Ճապոնիայի), կարող են ազդակ լինել Միջազգային էկոլոգիական իրավունքում էական փոփոխությունների համար:

Ռադիացիայի արտահոսքը Ճապոնիայում բնական աղետ չէր: Ցունամին և երկրաշարժն էին բնական աղետներ, իսկ միջուկային աղետն ամբողջությամբ մարդածին էր: Ատոմակայանն անապահով վայրում տեղադրելը և անվտանգության պատշաճ երաշխիքներ չունենալը ոչ թե «Աստծու գործ», այլ հիմարության դրսևորում է: Ես չեմ կարծում, որ նման աղետներն ինքնին կարող են հանգեցնել անհրաժեշտ փոփոխությունների միջազգային կամ ներպետական էկոլոգիական իրավունքում, դժբախտաբար: Փոփոխությունը ենթադրում է, որպեսզի քաղաքացիները և նրանց միավորումներն առիթն օգտագործեն լոբբինգի համար, և կառավարությունները գնան նման փոփոխությունների: Առանց քաղաքացիների քաղաքական և իրավական նախաձեռնության ոչինչ չի փոխվում: Հայտնի անթրոպոլոգ դոկտ. Մարգարեթ Միդը գրել է. «Երբեք մի կասկածեք, որ նպատակասլաց մարդկանց փոքր խումբը կարող է փոխել աշխարհը: Իրականում, դա միակ բանն է, որ երբևէ եղել է»: Այս միտքը միանգամայն ճիշտ է:

3. Մենք կարծում ենք, որ ամբողջ աշխարհում չափազանց շատ ռեսուրսներ են ծախսվել շրջակա միջավայրի պահպանության համար: Ի՞նչ եք կարծում, պահպանվե՞լ է արդյոք հավասարակշռությունը ծախսված ռեսուրսների և արդյունքների միջև:

Շրջակա միջավայրի պահպանության նպատակով ծախսված ռեսուրսներն ապահովում են արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան կատարված ծախսերը: Դրանք մոտեցնում են մեզ շրջակա միջավայրի պահպանության նպատակներին և սահմանափակում արդյունաբերական զարգացման վնասները: Օգուտները և՛ տնտեսական են և՛ բարոյական: Շրջակա միջավայրի պահպանությունը տնտեսապես նվազեցնում է ծախսերը հանրային առողջապահության ոլորտում և ավելացնում քիչ աղտոտված միջավայրով պայմանավորված օգուտները: Իսկ բարոյական առումով մեր թոռների համար շրջակա միջավայրի պահպանությունը պարզապես ճիշտ գործ է:

4. Գրեթե ամեն օր աշխարհն ականատես է լինում բազմաթիվ բնապահպանական ակցիաների, որոնք ծավալվում է մոլորակի տարբեր վայրերում: Շրջակա միջավայրի պահպանության նպատակի լույսի ներքո ինչպե՞ս կգնահատեք նմանատիպ շարժումների իրական ներդրումը:

Շրջակա միջավայրի պահպանության օգտին կազմակերպվող հանրահավաքներն օգտակար են ցույց տալու համար քաղաքական գործիչներին, որ մարդիկ ցանկանում են խնդրին առաջնահերթություն տալ: Բայց հենց այդ նույն ցուցարարներին ցանկալի է տեսնել յուրաքանչյուր պետության պառլամենտում կամ դատարաններում, որտեղ կայացվում են իրական որոշումները:

5. Պատկերացրեք, որ պատրաստվում եք դասախոսություն կարդալ մի փոքր պետության հասարակ քաղաքացիների համար, ինչպիսին Հայաստանն է: Ո՞րը կլինի դասախոսության թեման և ինչու՞:

«Հայ մանուկների ապագան ձեր ձեռքերում է»: Մեր երեխաներն ու թոռները չեն կարող պահպանել իրենց առողջությունն ու երկրի գեղեցկությունը, եթե մենք արդեն փչացրել ենք դրանք: Թեև Հայաստանի պատմությունը գալիս է փառավոր անցյալից, Հայաստանն ինքնին պարզապես պարտք է վերցված մեր թռներից: Եվ պետք է վերադարձվի նրանց ավելի լավ էկոլոգիական վիճակում, քան եղել է: Տարեցները հույժ կարևոր պարտավորություն են կրում գալիք սերնդին փոխանցելու ավելի լավը, ոչ թե ավելի վատը:

6. Կա՞ արդյոք որևէ հարց, որի վերաբերյալ Ջոն Բոնայնը` որպես գիտնական և հասարակ քաղաքացի, տարբեր մոտեցումներ կամ կարծիքներ ունի: Ինչպե՞ս եք հաղթահարում այսպիսի իրավիճակները (ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում):

Ջոն Բոնայնը` որպես գիտնական, օգտագործում է իր գլուխը: Ջոն Բոնայնը` որպես հասարակ քաղաքացի, օգտագործում է իր սիրտն ու հոգին: Դրանցից ոչ մեկը չի կարող գործել առանձին, բայց վստահաբար սիրտն այն օրգանն է, որ պետք է ասի, թե ինչ անի գլուխը, իսկ հոգին պետք է ղեկավարի երկուսին: Կյանքի վերջում դու չես նայի քո բանկային հաշվին, այլ կնայես, թե ինչ ես արել ընտանիքիդ, երկրիդ և աշխարհի համար: Եվ լավագույնն այն կլինի, եթե բավարարված լինես ամեն շաբաթ մի լավ բան արած լինելու գիտակցմամբ:

7. Եթե դուք հնարավորություն ունենայիք խորհուրդ տալու Հայաստանում էկոլոգիական օրենսդրության իրացման դաշտն ամրապնդելու վերաբերյալ, ո՞ր հարցին առաջնայնություն կտայիք:

Աջակցություն հասարակական կազմակերպություններին, հատկապես իրավական ոլորտի:

8. Դուք ճամփորդել եք շատ երկրներում, նաև Հայաստանում: Կպատմե՞ք մեր երկրից ստացած Ձեր տպավորությունների մասին:

Հայաստանի լեռներն ու հարթավայրերը աշխարհում ամենագեղեցիկներից են: Հայաստանի մարդիկ ունեն ամենաջերմ սիրտը: Կինս ինձ բերեց Հայաստան, որովհետև երկար տարիներ մտերիմ էր պրոֆեսոր Իսկոյանի հետ, ով էկոլոգիական իրավունքի ճանաչված փորձագետ է: Դրա համար ես պետք է հավերժ շնորհակալ լինեմ. և ես հույս ունեմ վերադառնալ Հայաստան հնարավորինս շուտ և որոշ ժամանակ անցկացնել շրջակա միջավայրի իրավական պահպանությամբ զբաղվող երիտասարդ սերնդի հետ:

 

*Ջոն Ի. Բոնայնը Օրեգոնի Համալսարանի Իրավունքի դպրոցի B.B. Kliks պրոֆեսոր է: Պրոֆեսոր Բոնայնը Էկոլոգիական իրավունքի Համաշխարհային Դաշինքի (www.elaw.org)` աշխարհում առաջին բնապահպանական Իրավաբանական կլինիկայի (այժմ գործում է Արևմտյան էկոլոգիական իրավունքի կենտրոնում www.westernlaw.org) և «Public Interest Environmental Law» ամենամյա գիտաժողովի (www.pielc.org) (գումարվում է արդեն 30 տարի) համահիմնադիրն է: Նա ստեղծել է ENVLAWPROFESSORS-ը, քննարկումների հարթակ, որը ձևավորվել է 20 տարի առաջ, և որից այսօր օգտվում են 500 պրոֆեսորներ ամբողջ աշխարհում: Նա ստեղծել է ԱՄՆ-ի հանրային շահերի պաշտպանությամբ զգաղվող էկոլոգ-իրավաբանների ցանցը: Մինչև 1978թ.-ը` իր ակադեմիական կարիերայի սկիզբը, Բոնայնն աշխատել է ԱՄՆ Շրջակա մջիավայրի պահպանության գործակալությունում` որպես Մթնոլորտային օդի, աղմուկի և կոշտ կենցաղային թափոնների ոլորտի գլխավոր խորհրդական: 

Հարցերը պատրաստեցին` Հեղինե Հախվերդյանը, Գոռ Մովսիսյանը և Մանե Մադոյանը 

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: