Օրենսդրության գնահատում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԻԾ 2015-09-11 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԻԾ

Նկատառումներ և դիտարկումներ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(ՆԱԽԱԳԻԾ)

 

            Ստորև ներկայացվող դիտարկումները և նկատառումները վերաբերում են ՀՀ Սահամանդրության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 11-րդ և 50-րդ հոդվածներին, մասնավորապես՝ շրջակա միջավայրի՝ որպես պետության, հասարակության և անհատի համար կարևորագույն արժեքի պահպանության հիմքում դրված սահմանադրական մոտեցումներին, առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքի սահմանադրական ամրագրման անհրաժեշտությանը, և, վերջապես, տեղեկատվություն ստանալու իրավունքի ամրագրմանը, որի բաղադրիչներից է նաև էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքը:

            Նշված հարցադրումներին վերաբերող մեր դիտարկումները ներկայացված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, գործող Սահամանդրության դրույթների, ինչպես նաև սահմանադրական և էկոլոգիական իրավունքի գիտությունների ձեռքբերումների լույսի ներքո:

 

            Հոդված 11. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը 

            1. Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների հանդեպ:

            2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

 

            Առաջարկում ենք           հետևյալ խմբագրությունը.

          Հոդված 11. Շրջակա միջավայրի պահպանությունը 

          Հանրային իշխանությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումն ի շահ ներկա և ապագա սերունդների:

         

          Մեր առաջարկն, ըստ էության, Նախագծի սույն հոդվածը գործող Սահմանադրության 10-րդ հոդվածի տեքստով փոխարինելն է՝ համապատասխան լրացմամբ, որը հիմնավորվում է հետևյալով:

            Շրջակա միջավայրի պահպանության և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման ապահովման վերաբերյալ նորմերի սահմանադրության մակարդակում հստակ ձևակերպումը  ժամանակակից սահմանադրական զարգացումների կարևոր ձեռքբերումներից է, որը և արտացոլված է գործող Սահմանադրությամբ: Այն հանդես է գալիս ոչ միայն որպես հիմնարար արժեք, այլ նաև ամրագրված է որպես «նորմ-նպատակ» և «նորմ-սկզբունք»,   որն անփոխարինելի փիլիսոփայական, մեթոդական և վերջապես իրավական հիմք է մարդու էկոլոգիական իրավունքների ամրագրման, համապատասխան պետական մարմինների իրավասությունների սահմանման համար ինչպես Սահմանադրության, այնպես էլ ընթացիկ օրենսդրության մակարդակում: Բացի այդ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխի հատուկ իրավաբանական ուժը հենց Սահմանդրության ներսում, ինչպես նաև այն, որ այս խմբի դրույթները սկզբունքային նշանակություն ունեն սահմանադրական այլ նորմերի մեկնաբանման համատեքստում՝ Նախագծի 11-րդ հոդվածի առաջարկվող խմբագրությունը քննադատության չի դիմանում: Պարզաբանելու համար դիտարկենք հիշյալ դրույթի առանձին բաղադրիչները:

            Նախ,  գտնում ենք, որ խթանել բառն իրավական ծանրաբեռնվածություն գրեթե չի կրում, պարտավորեցնող չէ և հետևաբար, դրա գործածմամբ էականորեն նվազեցվում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետության ակտիվ գործունեության կարևորությունը: Այս պարագայում տեղին է նույնիսկ արձանագրել սահմանադրական մակարդակում շրջակա միջավայրի պահպանության գաղափարի որոշակի արժեզրկման մասին:

            Բացահայտում չենք անի, եթե նշենք, որ սահմանադրությունների տեքստերում ընդունված է ամրագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք հստակ իրավական բովանդակություն ունեն, այսինքն՝ բյուրեղացված,  որոշակի և ոչ բազմանշանակ իրավական կատեգորիաներ են, որոնց գնահատման կամ իդենտիֆիկացման համար մշակված են հստակ չափանիշներ և որոնք կիրառելի են անհրաժեշտության դեպքում, այսպես կոչված, «օբյեկտիվ տեստ» անցկացնելու համար: Մինչդեռ խթանել  բառը, որն այստեղ «պատասխանատու» է հանրային իշխանության պարտականությունների տեսակարար կշիռը սահմանելու համար, ինքնին անորոշ է և առաջին իսկ առիթով տարընթերցումների առարկա կդառնա:

            Երկրորդ, կրկին վերադառնալով սահմանադրական ձևակերպումների իրավական որոշակիությանը՝ խնդրահարույց ենք համարում նաև կայուն զարգացում եզրույթի գործածությունը:

            Մի կողմ թողնելով գիտության մեջ կայուն զարգացման հայեցակարգի՝ որպես գիտական կատեգորիայի պաշտպանության կամ քննադատության վերաբերյալ տեսական դիսկուրսը՝ հարկ ենք համարում շեշտադրել հետևյալ փաստարկները.

            ա.  ՀՀ օրենսդրության համակարգը ձևավորող որևէ իրավական ակտում, այդ թվում՝ վավերացված միջազգային համաձայնագրերում, սահմանված չէ կայուն զարգացման իրավական հասկացությունը և բովանդակությունը: Հետևաբար, այս պարագայում ևս պարարտ հող է ստեղծվում հակասական մեկնաբանությունների համար:

            բ. Հենց Նախագծի 11-րդ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել, թե արդյո՞ք կայուն զարգացումն ընկալվում է որպես արժեք (ինչպես շրջակա միջավայրի պահպանությունը (տես հոդվածի վերտառությունը), թե՞ որպես սկզբունք (ինչպես նշված է 1-ին մասում): Սահմանադրական մեկ դրույթի ներսում նման մեթոդական անհամապատասխանությունը հղի է դրանից բխող իրավական կարգավորման շրջանակներում բազմապատկիչ էֆեկտ ունենալու վտանգով և, վերջին հաշվով, իր նպատակին չի հասնում:

            Երրորդ, գտնում ենք, որ խոցելի է նաև քննարկվող հոդվածի 1-ին մասում «հաշվի առնելով պատասխանատվությունը ապագա սերունդների հանդեպ» արտահայտությունը: Պատասխանատվություն եզրույթն իրավական հարթությունում օժտված է բովանդակային որոշակիությամբ, ինչը դրսևորվում է նաև ընթացիկ օրենսդրության մեջ: Մինչդեռ նշված արտահայտությունը ստեղծում է պատասխանատվության՝ որպես կարևորագույն իրավական կատեգորիայի ամորֆ ընկալում և որոշակի խզում ազգային օրենսդրության շրջանակներում ձևավորված ընդհանուր մոտեցումից:

            Ինքնին հասկանալի և միանգամայն ընդունելի է, որ քննարկվող դրույթի այս բաղադրիչը շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումն արժևորում է նաև ապագա սերունդների համար բարենպաստ միջավայրը չվատթարացնելու տեսանկյունից: Այդ իսկ պատճառով հիշյալ մոտեցումն արտացոլված է առաջարկվող տեքստում այնպիսի ձևակերպմամբ, որը, մեր համոզմամբ, ներդաշնակ է սահմանադրական արժեքների ամրագրման ընդհանուր մոտեցումներին:

            Որպես սույն հոդվածի վերաբերյալ մեր առաջարկի տրամաբանական շարունակություն՝ առաջարկում ենք նաև Նախագծի 86-րդ հոդվածը, որը սահմանում է պետության քաղաքականության հիմնական նպատակները, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով. « էկոլոգիական անվտանգության ապահովումը հանուն ներկա և ապագա սերունդների»:

 

            Ինչ վերաբերում է Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա գտնում ենք, որ «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում մեթոդապես հիմնավորված չէ պարտականության (առավել ևս՝ քաղաքացիների) ամրագրումը: Այստեղ չանդրադառնալով ձևակերպման մանրամասներին՝ պետք է արձանագրենք, սակայն, ակնհայտ անհամաչափություն պետության և անձի վրա՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում դրված «ծանրության» տեսնակյունից: Շրջակա միջավայրի պահպանության հանրային արժեքն անվիճելի է, և այս պարագայում Նախագիծը բովանդակում է այսպիսի պատկեր. մի կողմից՝ «Հանրային իշխանությունը խթանում է ...», իսկ մյուս կողմից՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է ... »: Պետք է ընդունել, որ նման մոտեցումն ի սկզբանե անհամարժեք է: 

 

 

 

           

          Հոդված 50. Տեղեկություններ ստանալու իրավունքը

          Յուրաքանչյուր ոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի, եթե դա չի հակասում հանրային շահերին: Տեղեկություններ ստանալու կարգը, պայմանները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը՝ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքերի մերժելու համար, սահմանվում են օրենքով:

 

          Առաջարկում ենք           հետևյալ խմբագրությունը.

          Հոդված 50. Տեղեկատվություն ստանալու իրավունքը 

          Յուրաքանչյուր ոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասության ոլորտին առնչվող տեղեկատվություն ստանալու, այդ թվում՝ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի, եթե դա չի հակասում հանրային շահերին: Տեղեկություններ ստանալու կարգը, պայմանները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը՝ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքերի մերժելու համար, սահմանվում են օրենքով:

 

            Ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում Նախագծում դրսևորված այն մոտեցմանը, որ տեղեկատվության մատչելիության իրավունքին նվիրվել է մեկ ամփոփ դրույթ: Այդուհանդերձ, ներկայիս խմբագրության վերաբերյալ ունենք հետևյալ նկատառումները:

            Նախ, «տեղեկություններ» եզրույթի բովանդակային ընդգրկումն ավելի նեղ է, քան «տեղեկատվություն» եզրույթինը: Վերջինի ներքո աներկաբայորեն ենթադրվում են նաև մշակված, ամփոփված տեղեկությունների հիման վրա ձևավորված նյութերը, որոնք ևս ենթակա են տրամադրման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: «Տեղեկություններ» եզրույթի կիրառումը, գտնում ենք, որ կարող է նախադեպեր ստեղծել հանրության համար մատչելի տեղեկատվության ծավալը սահմանափակելու համար:

            Այս համատեքստում նշենք, որ հիշյալ երկու տերմինները բովանդակային առումով տարանջատվում են նաև անգլալեզու և ռուսալեզու աղբյուրներում՝ «Information» - «data» և «информация» - «сведения».

            Երկրորդ, գտնում ենք, որ «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ» արտահայտությունն էականորեն նեղացնում է տեղեկատվության բովանդակային շրջանակը: Ակնհայտ է, որ գործունեության մասին տեղեկատվությունը շատ ավելի սահմանափակ է, քան իրավասության ոլորտի տեղեկատվությունը, որը ոչ միշտ է ուղղակիորեն կապված գործունեության հետ: Բացի այդ, «գործունեություն» բառի իրավաբանական բովանդակությունն ինքնին հստակ չէ:

 

 

Առաջընթաց, թե՞ նահանջ

          Խիստ մտահոգիչ է Նախագծում  յուրաքանչյուրի՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը չամրագրելը: Առավել անհանգստացնող են դրսևորված մոտեցման միտումները, հատկապես, որ գործող Սահմանադրությունը բովանդակում է համապատասխան դրույթ (հոդված 33.2): Այս ամենի հետ միաժամանակ, տարակասունք է հարուցում այն, որ բարեփոխումների հայեցակարգում ընդհանրապես բացակայում էր մարդու նշված հիմնարար իրավունքի ամրագրումից հրաժարվելու մասին որևէ հիշատակում: Ընդհակառակը, Հայեցակարգի մի շարք հատվածներ հստակ ուրվագծում են մարդու իրավունքների ամրագրման և դրանց իրացման համար երաշխիքներ ստեղծելու համոզմունք և հստակ ուղենիշեր: Մասնավորապես՝

            1. Գործող Սահմանադրությունում առկա կիսալուծումները հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու վերաբերյալ հիշտակված է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների նորագույն պատմությունը վկայում է, որ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով անկախ պետականության զարգացումը չի հասել մի հանգրվանի՝ արձանագրելու համար, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, ...»:

            2. «Մեթոդաբանական առումով անհրաժեշտ է հետևողական անցում կատարել իշխանակենտրոն սահմանադրական լուծումների համակարգից մարդակենտրոն համակարգի, ինչը չհաջողվեց լիարժեք իրականացնել 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Դա իր հերթին ենթադրում է իրավունքի գերակայության սկզբունքի իրացման սահմանադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծում, ...»:

            3. «Իրավունքի գերակայությունը, հանդիսանալով իրավական պետության էությունը, ենթադրում է, որ մարդու իրավունքները սահմանադրորեն ամրագրված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված պետք է լինեն»:

            Հայեցակարգի մակարդակով նման բարձր նշաձող սահմանելու պայմաններում առնվազն անսպասելի է Նախագծում յուրաքանչյուրի՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքն ամրագրելուց հրաժարվելը: Խորապես համոզված ենք, որ սա լուրջ թերություն է:

            Նախագծում ուշադրությունից դուրս է մնացել նաև անձամբ և այլոց հետ համատեղ շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու պարտականությունը, որը հանրային բարիքների արժևորման տեսանկյունից սզբունքային նշանակություն ունի ցանկացած հասարակության համար:

            Հետևաբար, առաջարկում ենք Նախագծի «Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ գլուխը լրացնել նոր հոդվածով՝ վերարտադրելով գործող Սահմանադրության 33.2 հոդվածի առաջին մասի տեքստն առանց փոփոխությունների:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: