Հետազոտություն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 2015-05-27 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ


ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

            «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:

            «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի գործընկերներն են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:

            Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության որակը՝ ստեղծելով համապատասխան գործիքներ, որոնք կբարձրացնեն հասարակության իրազեկվածության մակարդակը, կնպաստեն ոլորտի թափանցիկությանը և պետական մարմինների հետ կառուցողական երկխոսությանը: Դրված նպատակը համահունչ է Օրհուսի կոնվենցիայի համաձայն ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին և ուղղված է ամրապնդելու ժողովրդավարական սկզբունքները և իրավունքի գերակայությունն այս ոլորտում:

            Ծրագրի առաջին փուլի շրջանակներում մշակվել և հրատարակվել է «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության» Ուղեցույցը, որի շնորհանդեսը, ինչպես նաև համապատասխան դասընթացներ անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում (առավելապես Օրհուս կենտրոններում): Դասընթացներին մասնակցել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի ակտիվ երիտասարդությունը (150 մասնակից): Սեմինարների ընթացքում մասնակիցները հատկապես ընդգծել են էկոլոգիական կրթության համատեքստում անհրաժեշտ իրավական գիտելիքների ու հմտությունների փոխանցման կարևորությունը: Միաժամանակ, արդյունավետ մասնակցության խոչընդոտների շարքում հիշատակվել է տեղական կազմակերպությունների ներգրավվածության ցածր մակարդակը, ինչպես նաև «թույլ» հետադարձ կապը:

            Ուղեցույցի ամփոփիչ շնորհանդեսը կայացավ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում ս.թ. մայիսի 21-ին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև ծրագրի հաջորդ փուլերի շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները և դրանց հիմքում դրված մոտեցումները: Ներկայացվեցին նաև մարզային դասընթացների արդյունքների քանակական և որակական վերլուծության ամփոփ ցուցանիշները:

            Հանդիպումը նախագահում էր ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, մասնակիցների թվում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի միջազգային կապերի գծով և գիտական գծով տեղակալները, պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների և ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահառուներ (31 մասնակից):

            Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը մատչելի է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ինտերնետային կայքում (http://www.elrc.ysu.am/upload/246.pdf), իսկ ծրագրի 2-րդ փուլի ավարտից հետո կտեղադրվի նաև մշակվելիք ինտերնետային պորտալում (www.ecolex.am):

            Մարզային դասընթացները և երևանյան շնորհանդեսը լուսաբանվել են ինչպես Օրհուս կենտորնների էլ. կայքում (www.aarhus.am), այնպես էլ տարբեր ԶԼՄ-ների կողմից:

            Ծրագրի 2-րդ և  3-րդ փուլերի շրջանակներում համապատասխանաբար պատրաստ կլինեն հետևյալ արդյունքները.

            1. Էլեկտրոնային հարթակ` (www.ecolex.am), որը կդառնա միասնական հարթակ շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության համար: Կայքում կտեղադրվեն ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների օգտագործմանը: Կայքում տեղադրվելիք էլեկտրոնային գործիքների համակարգը հնարավորություն կընձեռի օգտվողներին առցանց ռեժիմով իրավական ակտերի վերաբերյալ կատարել դիտողություններ և առաջարկներ, որոնք մատչելի կլինեն կայքի բոլոր այցելուների համար:

            2. «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման և ուղեկցող փաստաթղթերի փաթեթի մշակում. իրավական ակտի նախագիծը և ուղեկցող փաստաթղթերը մշակվելու են ՀՀ բնապահպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ:

            Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կձևավորվեն անհրաժեշտ հզորություններ իրազեկված մասնակցության համար, կամրապնդվի փոխադրաձ վստահության մթնոլորտը և քաղաքացիական հասարակաության պատասխանատվությունը նախապատրաստվող և ընդունվող նախագծի իրականացման վերաբերյալ:

Մարզային դասընթացների ամփոփ արդյունքները` այստեղ:
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: