Օրենսդրության գնահատում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2013-05-29 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ


1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գործընթացում իրավական ակտերի ընդունման և դրանց կենսագործման կարևորագույն խնդիրներից մեկը շահագրգիռ խմբերի շահերի համաձայնեցման արդյունավետ մեխանիզմների ստեղծումն է: Այդպիսիք հնարավորություն են ընձեռում տարատեսակ ընթացակարգերի կիրառման միջոցով գնահատելու հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են էկոլոգիական օրենսդրության ընդունման գործընթացին հասարակության մասնակցության ընթացակարգեր (օրինակ` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 296-Ն որոշում), որոնք, գրեթե չեն սահմանում ոլորտի օրենքների և իրավական այլ ակտերի մշակման և քննարկման գործընթացին հասարակության և գիտական կառույցների անմիջական մասնակցության կառուցակարգեր: 

Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականին վավերացրել  է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության,  որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա), որի 7-րդ և8-րդ հոդվածները կոնվենցիայի կողմերին պարտավորեցնում է ձևավորելու շրջակա միջավայրի պահպանության ոլորտի օրենքների, ինչպես նաև  պլաններ, ծրագրեր և քաղաքականության սահմանող իրավական այլ ակտերի ընդունման գործընթացում հանրության մասնակցության նորմատիվ-իրավական անհրաժեշտ հիմք: Եթե կոնվենցիայի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթների` Հայաստանի Հանրապետությունում կենսագործման նպատակով ներդրվել են անհրաժեշտ իրավական և կազմակերպական մեխանիզմներ, ապա առաջարկվող նախագիծը կոչված է ապահովելու նաև  Օրհուսի կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածների պահանջների իրագործումը ՀՀ իրավական համակարգում:  

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման եվ գործունեության կարգը հաստատելու մասին» որոշում: Ներբեռնել

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող նախագիծը նպատակ ունի ստեղծել օրենքների, պլաններ, ծրագրեր և քաղաքականություն սահմանող իրավական այլ ակտերի նախագծերի մշակման գործընթացում հասարակության և գիտահետազոտական կառույցների մասնակցության`

  • խիստ որոշակի մեխանիզմներ, ձևեր և ժամկետներ,
  • շրջանակի որոշման չափանիշներ և ներգրավման իրավական ընթացակարգեր,
  • արդյունքների` վերջնական որոշումներում արտացոլման կամ ինտեգրման մեխանիզմներ:

Հիմք ընդունելով վերոգրյալ չափանիշները` նախագծով նախատեսվում է ստեղծել ՀՀ բնապահպանության նախարարից կից գործող հասարակական-գիտական Խորհուրդ: Այն ձևավորվում է`

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մշակած շրջակա միջավայրի պահպանության ոլորտի օրենքների, պլաններ, ծրագրեր,  քաղաքականություն սահմանող իրավական ակտերի նախագծերի մշակման և քննարկման նպատակով,
  2. պետական կառավարման այլ մարմինների մշակած և լիազոր պետական մարմնին կարծիքի և իրավական կարգավորման ազդեցության գնահատմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների ներկայացման նպատակով:

Այս տարանջատմանը համապատասխան կառուցվում է իրավական ակտի ամբողջ նախագիծը`

  1. Ընդհանուր դրույթներ,
  2.  Հասարակական խորհրդի ձևավորման կարգ,
  3.  Հասարակական խորհրդի գործունեության կարգ:

Նախագծի Հավելվածի ընդհանուր դրույթներ հատվածում սահմանվում է իրավական ակտի կարգավորման առարկան, Խորհրդի ստեղծման նպատակը և գործունեության սկզբունքները:

Նախագծի հավելվածի երկրորդ բաժինը վերաբերում է  Խորհրդի ձևավորման կարգին, որի դրույթները կառուցված են հետևյալ ելակետերի հիման վրա.

  1. Գիտահետազոտական և ոչ առևտրային իրավաբանական անձանց հավասար մասնակցության հնարավորություն,
  2. Ոչ առևտրային իրավաբանական անձանց Խորհրդին անդամակցելու գործընթացին լիազոր պետական մարմնի միջամտության բացառում և ինքնակազմակերպման լիարժեք հնարավորությունների նախատեսում,
  3. Խորհրդի կազմի փոփոխման օպտիմալ ժամկետների և հիմքերի նախատեսում,
  4. Խորհրդի անդամի անդամության դադարման որոշակի և սպառիչ հիմքեր,
  5. Խորհրդի ձևավորման գործընթացի հրապարակայնության ապահովման իրական մեխանիզմներ:

Խորհրդի գործունեության կարգը սահմանվում է Նախագծի հավելվածի երրորդ բաժնում, որի բովանդակությունը հետևյալն է. 

  1. լիազոր պետական մարմնի, խորհրդի անդամների նախաձեռնությամբ Խորհրդի նիստերի հրավիրման կարգ` հրավիրվելիք նիստերի թվի նվազագույն շեմի մատնանշմամբ,
  2. Խորհրդի նիստի մասին ծանուցման ժամկետների և նիստի բովանդակության վերաբերյալ իրազեկման իրատես միջոցներ,
  3. Խորհրդի նիստերին շահագրգիռ տարբեր խմբերի մասնակցության ապահովման ճկուն մեխանիզմներ (դիտորդի ինստիտուտի ներմուծմամբ),
  4. Ընդհանուր համաձայնությամբ Խորհրդի առաջարկությունների ընդունման հնարավորություն և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ Խորհրդի անդամներին անընդհատ տեղեկատվության տրամադրման մեխանիզմներ,
  5. Խորհրդի գործունեության վերաբերյալ էլեկտրոնային միջոցներով տեղեկատվության տարածման կարգ և տեղեկատվության շրջանակ:   

Նախագծի հավելվածի երրորդ բաժնի հաջորդ հատվածում տեղ են գտել դրույթներ հանրապետական գործադիր այլ մարմինների մշակած իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Խորհրդի անդամների կարծիքների հավաքագրման ընթացակարգը: Այս ընթացակարգը հիմնվում է երկու կարևոր սկզբունքի վրա` 1. Խորհրդի անդամների կարծիքների ներկայացում ըստ անհրաժեշտության և 2. դիտողությունների ու առաջարկությունների տրամադրման ժամկետային որոշակիություն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 Նախագիծը մշակել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:  

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտի վերաբերյալ ընդունվող օրենքների, պլաններ, ծրագրեր և ռազմավարություն հաստատող իրավական այլ ակտերի գիտական հիմնավորվածությունը  և որակական մակարդակը:

Խորհուրդը նաև պետական կառավարման այլ մարմինների մշակած և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կարծիքին կամ իրավական կարգավորման ազդեցության գնահատմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հասարակության կարծիքի վերհանման յուրահատուկ մեխանիզմ է: Առաջարկվող նախագծի գործողությունը հնարավորություն կընձեռի նաև ընդունվելիք իրավական ակտերի մշակման գործընթացին անմիջականորեն ներգրավել հասրակության և գիտահետազոտական կառույցների ներկայացուցիչներին` երաշխավորելով դրանց գիտական  հիմնավորվածությունն ու սոցիալական անհրաժեշտ հենքը: 


ՆԵՐԲԵՌՆԵԼ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՏԵՂԵԿԱՆՔ 
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: