Դասընթացներ
Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման կարգավորումը Հայաստանում թեմայով դասախոսություն 2013-04-12 Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման կարգավորումը Հայաստանում թեմայով դասախոսություն

            ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը շարունակում է ձևավորված ավանդույթները` ուսանողներին, գիտնականներին, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրազեկելով ՀՀ-ում էկոլոգիական օրենսդրության զարգացման ընթացքի և հեռանկարների վերաբերյալ: Այսօր Կենտրոնը հյուրընկալել էր Աղտոտման կանխարգելման ԵՄ թվինինգային ծրագրի շրջանակներում Հայատանում մշտական թվինինգային խորհրդատու պարոն Թեոդոր Յուրոշեկին, ՀՀ բնապահպանության նախարարության ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ, մշտական թվինինգային խորհրդատուի հայստանյան գործընկեր տիկին Ջուլիետա Ղլիչյանին և Թվինինգ ծրագրի համակարգող պարոն Վարդան Ծերունյանին: Դասախոսությունն անցավ ակտիվ քննարկման և կառուցողական բանավեճի մթնոլորտում: Հյուրերը գոհունակություն հայտնեցին Կենտրոնի ղեկավար տիկին Իսկոյանին ծրագրի հրապարակայնությունն ապահովելուն աջակցելու համար:

            Հյուրերը ներկայացրեցին իրականացվող ծրագրի բովանդակությունը և շրջակա միջավայրի աղտոտոման համալիր կանխարգելման և հսկման կարգավորման (IPPC) ինստիտուտի ներդրման ուղղությունները ՀՀ-ում: Ակնկալվում է, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2014 թվականի վերջին: Նոր համակարգը փոխարինելու է բնօգտագործման և բնապահպանական թույլտվությունների գործող համակարգին` ներդնելով տնտեսվարողների համար առավել դյուրին “մեկ պատուհանի” սկզբունքը: Նոր համակարգի հիմնական առավելություններից են նաև անհարկի վարչարարության կրճատումը, բոլոր բնապահպանական և բնառեսուրսային թույլտվությունների տրամադրումը միասնական ընթացակարգի շրջանակներում առավելագույնը 240 օրվա ընթացքում: Բացի այդ, IPPC ինստիտուտի գործառման շնորհիվ հնարավոր կլինի շեշտադրումները տեղափոխել վերահսկողության դաշտից դեպի բացասական ազդեցությունների կանխարգելում, ինչը շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից միանգամայն արդարացված է:  Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգը թույլ կտա թույլտվությունների տրամադրման փուլում առավելագույնս հաշվի առնել հնարավոր բացասական ազդեցությունները և մշակել դրանց կանխարգելման միջոցառումներ, որոնք հիմնված կլինեն լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրման գաղափարի վրա: Գերմանացի փորձագետի հավաստմամբ նշված տեխնոլոգիաների ներդրումն ինքնին հանդես է գալիս որպես տնտեսական խթանման գործիք բիզնեսի համար, որը թույլ է տալիս շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների համար կատարվող ծախսերը (բնապահպանական և բնօգտագործման վճարներ) հասցնել նվազագույնի: IPPC համակարգի շրջանակներում կգործի նաև հասարակայնության մասնակցության ինստիտուտը, որը կկիրառվի շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության շրջանակներում գործող հանրային  մասնակցության ընթացակարգերին զուգահեռ:

            Հայաստանում իրականացվող թվինինգային ծրագիրը բաղկացած է հետևյալ չորս բաղադրիչներից.

            1. աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման համար օրենսդրական հենքի մշակում,

            2. համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման մեխանիզմների և ենթակառուցվածքների ամրապնդում,

            3. ՀՀ բնապահպանության նախարարոթւյան և հիմնական շահագրգիռ կողմերի` միասնական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի, հսկողության, վերահսկողության և իրավակիրարկման կարողությունների հզորացում` լայնածավալ վերապատրաստման դասընթացների կազմակերպում,

            4. երկու փորձնական ծրագրերի իրականացում փորձնական թույլտվության նախապատրաստման ու տրամադրման, վերահսկողության իրականացման ձևով:

Ներբեռնել դասախոսության սլայդերը:  

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: